Հարցազրոյց Գանատայի մօտ ՀՀ ընթացաւարտ դեսպան Արմէն Եգանեանի հետ

This post was originally published on this site

«Գանատայում ամէն կերպ ցոյց եմ տուել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի դէմ ուղղուած որեւէ քայլ անպատասխան չի մնալու»

Հ.- Յարգելի՛ պարոն Եկանեան, իր աւարտին հասաւ Գանատայում Ձեր դիւանագիտական ծառայութեան 6-ամեայ շրջանը, որ զուգադիպեց Գանատայի Համադաշնութեան 150-ամեակի հետ։ Ինչո՞վ կ’արժեւորեք Գանատան` որպէս պետութիւն:

Ա.Եկանեան.- Ինչպես նշեցիք, 2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուելով Գանատայում ՀՀ դեսպան` հնարաւորութիւն ունեցայ վեց տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետութիւնը մի այնպիսի առանձնայատուկ երկրում, ինչպիսին է Գանատան: Դիւանագիտական ծառայութեանս ընթացքում ամէն կերպ ձգտել եմ առաւել սերտացնել յարաբերութիւնները Հայաստանի Հանրապետութեան եւ Գանատայի միջեւ երկկողմ համագործակցութեան բոլոր ուղղութիւններում: Վերջին վեց տարիների ընթացքում շօշափելի աճ է արձանագրուել հայ-գանատական կապերի բոլոր բնագաւառներում:

Քաղաքական բնագաւառում վերոնշեալի լաւագոյն ապացոյցներից մէկը փոխայցելութիւնների զգալի աքթիւացումն էր, ինչն իր բարձրակէտին թերեւս հասաւ 2015 թ., երբ պաշտօնական այցով Գանատայում եղաւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Քաղաքական ոլորտում` ՀՀ դեսպանութեան եւ Գանատայի տարբեր իրաւասու գերատեսչութիւնների միջեւ տինամիք շփումների շնորհիւ, երկկողմ յարաբերութիւնները հասցուել են զարգացման նոր մակարդակի: Դրա կարեւոր առհաւատչեաներից էր նաեւ Հայաստանի եւ Գանատայի միջեւ հաստատուած աքթիւ համագործակցութիւնը Ֆրանգոֆոնիայի միջազգային կազմակերպութեան շրջանակներում: 2016 թ. Նոյեմբերի 27-ին Մատակասկարի մայրաքաղաք Անտանանարիւում կայացող ՖՄԿ նախարարական համաժողովի ընթացքում որոշում է կայացուել 2018 թ. կայանալիք Ֆրանգոֆոնիայի գագաթաժողովն անցկացնել Երեւանում: Դրանում իր աքթիւ մասնակցութիւնն է ունեցել նաեւ Գանատայի կառավարութիւնը, ով իր երեք ձայներով (Դաշնային կառավարութեան, Քեպէգի եւ Նոր Բրանսվիքի) լիակատար աջակցութիւն է ցուցաբերել այդ որոշմանը:

Ինչպէս իրաւամբ նշուած է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի` Գանատայի օրուայ կապակցութեամբ 2017 թ. Յուլիսի 1-ին վարչապետ Ճասթին Թրուտոյին ուղղուած շնորհաւորական ուղերձում. «Հայաստանի եւ Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից ի վեր մեր երկրների համագործակցութիւնն էական առաջընթաց է գրանցել` հասնելով բարձր մակարդակի»:

Տնտեսական բնագաւառում նոյնպէս տինամիք զարգացում է արձանագրուել` ի շնորհիւ, նախեւառաջ, ՀՀ-ում գործունէութիւն սկսած գանատական ընկերութիւնների: Համագործակցութեան ամենաաքթիւ ոլորտներն են դարձել հանքարդիւնաբերութիւնը եւ բարձր տեխնոլոկիաների ոլորտը: Դա զգալիօրէն նպաստել է նաեւ երկկողմ ներկրումների եւ արտահանումների թուի աճին, սակայն, ինչպէս բազմիցս նշել եմ, տնտեսական ոլորտում առկայ թուերը գոհացնող չեն, քանզի ներուժը շատ աւելի մեծ է:

Մշակութային բնագաւառի մասին խօսելիս` հարկ է նշել տեղի ունեցած հարիւրաւոր մշակութային միջոցառումների մասին, որոնց շնորհիւ ինչպէս գանատական հասարակութիւնում են սկսել շատ աւելի ընդգրկուն ճանաչել հայ մշակոյթն ու պատմութիւնը, այնպէս էլ հայերս ենք աւելի հաղորդակից դարձել մշակոյթի բնագաւառում գանատական ժառանգութեանը:

Հ.- Ձեր ծառայութեան ընթացքում ինչպէ՞ս դիմագրաւեցիք թուրքական եւ ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնը:

Ա.Եկանեան.- Գանատայում դիւանագիտական ծառայութեանս առաջին իսկ օրուանից տարբեր մակարդակի հանդիպումների ընթացքում շեշտել եմ, որ իմ հիմնական առաքելութիւնը երկկողմ յարաբերութիւնների զարգացումն է: Միեւնույն ժամանակ, Գանատայում ամէն կերպ ցոյց եմ տուել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի դէմ ուղղուած որեւէ քայլ անպատասխան չի մնալու: Այդ պատասխանները յստակ տրուել են թէ՛ 2011 թ., երբ Թուրքիայի դեսպանութիւնը փորձում էր զրպարտող յօդուածների միջոցով վարկաբեկել մեր երկիրը, թէ՛ 2012թ., երբ Ատրպէյճանի դեսպանութիւնը, շահարկելով այսպէս կոչուած Խոճալուի իրադարձութիւնները, փորձում էր հակահայ տրամադրութիւններ ստեղծել Գանատայի տարբեր քաղաքներում, եւ տրւում են մինչ այժմ` մինչ 2017 թ., երբ նոյն Թուրքիայի դեսպանութիւնը, դուրս գալով բարոյականութեան բոլոր սահմաններից, ցանկանում էր Ապրիլի 24-ին Թուրքիայի մշակութային օրերին նուիրուած միջոցառումներ իրականացնել Օթթաուայում` ի նշանաւորումն Գանատայի Համադաշնութեան 150-ամեակի: Բոլոր այդ դէպքերում հակահայ ծրագրերը ձախողուել են, ինչը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Գանատան մարդու իրաւունքները յարգող եւ արդարութեան ջահակիր հանդիսացող պետութիւն է, ուր հնարաւոր չէ էժան զրպարտանքի միջոցով արդիւնքի հասնել:

Հ.- Գանատահայութիւնը, որպէս կայացած համայնք, Սփիւռքի ամենաերիտասարդ համայնքներից է: Ձեր դիւանագիտական ծառայութեան ընթացքում խորապէս հաղորդակից դարձաք գանատահայ համայնքի կեանքին: Ինչպէ՞ս կը գնահատէք մեր համայնքը:

Ա.Եկանեան.- Գանատահայ համայնքն, իրօք, Սփիւռքում մեր ամենաաքթիւ համայնքներից է: Բազմիցս ասել եմ, որ Գանատայում առաջին իսկ օրուանիցս զարմացած եմ եղել մեր համայնքի հայախօսութեան բարձր մակարդակի վրայ: Բոլոր վեց տարիների ընթացքում դեսպանութիւնն աքթիւօրէն համագործակցել է համայնքի գրեթէ բոլոր կառոյցների եւ կազմակերպութիւնների հետ, փորձել ամէն կերպ ներգրաւել վերջիններիս երկկողմ յարաբերութիւնների տարբեր բնագաւառներում: Դիւանագիտական ծառայութեանս ընթացքում բազմիցս այցելել եմ գանատահայ գրեթէ բոլոր համայնքային կեդրոնները: Մասնաւորապէս Թորոնթօ քաղաք այցելել եմ 105 անգամ, իսկ Մոնթրէալ` 102: Տարատեսակ համայնքային միջոցառումներին մասնակցելիս իմ հիմնական ուղերձը մեր համայնքի ներկայացուցիչներին ձեւակերպուած է եղել մէկ բառով` «միասնականութիւն»: Հիմա էլ պնդում եմ, որ դա գանատահայ համայնքի եւ, առահասարակ, հայ ժողովրդի զօրեղութեան առաջին անհրաժեշտ գրաւականն է:

Հ.- Ձեր պաշտօնավարման աւարտին Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի սրտում տեղադրուեց գանատահայ լուսանկարիչ Եուսուֆ Քարշի յուշարձանը, որի իրագործման մէջ Ձեր դերակատարութիւնը որոշիչ նշանակութիւն ունեցաւ: Իբրեւ դիւանագիտական իրագործում` ի՞նչ նշանակութիւն ունի Քարշի յուշարձանի տեղադրումը:

Ա.Եկանեան.- Յունիսի 9-ին, երբ Օթթաուայում բացուեց Եուսուֆ Քարշի յուշարձանը, կայացած ընդունելութեան ժամանակ նշել եմ, որ դրա առկայութիւնը մշտապէս հանդիսանալու է հայ-գանատական բարեկամական յարաբերութիւնների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մէկը: Յատկապէս յատկանշական է յուշարձանի բացումը Համադաշնութեան պուրակում հենց այն տարում, երբ նշւում է Գանատայի Համադաշնութեան 150-ամեակը եւ հայ-գանատական դիւանագիտական յարաբերութիւնների 25-ամեակը: Գաղափարը ծնուել է կնոջս` Մարիայի մօտ, երբ դեռեւս 2012 թ. Օթթաուայում հանդիպում ունեցանք Քարշի այրու` Էստրելիտ Քարշի հետ: Քանի որ նաեւ Օթթաուայում չկար հայկական մշակոյթին նուիրուած որեւէ կոթող, Քարշի յուշարձանի բացումն, իրօք, երկկողմ յարաբերութիւնների առանցքային ձեռնարկներից կարելի է համարել:

Հ.-Մինչ Գանատայում դեսպան նշանակուելը դիւանագիտական գործունէութիւն էք իրականացրել ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում: Գանատան ինչո՞վ էր առանձնանում եւ յատկապէս ինչո՞վ կը կարեւորէք տուեալ երկրում կատարած աշխատանքը:

Ա.Եկանեան.- Դիւանագիտական ծառայութեան մէջ իւրաքանչիւր երկիր իր առանձնայատկութիւններն ունի: Գանատայում աշխատածս տարիները մշտապէս կը յիշեմ ջերմութեամբ` կապուած, առաջին հերթին, գանատացիների դրական կերպարով, առաձնայատուկ բարութեամբ եւ հիւրընկալութեամբ: Գանատայում դիւանագիտական ծառայութեանս ամէն օրը փորձել եմ ծառայեցնել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին աւելի պատկերաւոր կերպար ստեղծելուն եւ եղած պատկերացումները խորացնելուն: Վստահաբար կարող եմ նշել, որ հայ եւ գանատացի ժողովուրդներն ընդհանուր շատ գծեր ունեն, որոնցից ամենաշատն աչքի ընկնողը, ինչպէս արդէն նշեցի, ջերմ հիւրընկալութիւնն է:

Շնորհակալութիւն, պարո՛ն Եկանեան, հարցազրոյցի համար: Գանատահայութիւնն իր խորին երախտագիտութիւնն է յայտնում Ձեզ` վստահ լինելով, որ Ձեր անունն ու աւանդը փորագրուելու է հայ դիւանագիտութեան պատմութեան հատորներում:

«Հորիզոն»